2025-ին Հայաստան այցելել է ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ, գրեթե կեսը՝ Ռուսաստանից

2025 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 2 մլն 263 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.5 տոկոսով։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ այցելուների մեծ մասը եղել է Ռուսաստանից․ շուրջ 938 հազար զբոսաշրջիկ, ինչը կազմում է ընդհանուր այցելությունների մոտ 43 տոկոսը։

Պապոյանը զբոսաշրջության աճը պայմանավորել է ինչպես քաղաքական, այնպես էլ մասնագիտական գործոններով։ Քաղաքական առումով նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության գործընթացների ազդեցությունը, իսկ մասնագիտական առումով՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը, արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում Հայաստանի մասին հրապարակումները, միջազգային համագործակցությունը, թվային մարքեթինգը, ճանաչողական այցերը և ուղիղ չվերթների ավելացումը։

Նիստում անդրադարձ է կատարվել նաև արտաքին տնտեսական ցուցանիշներին։ Նշվել է, որ 2025 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ գերազանցել է 8 միլիարդ դոլարը, իսկ արտահանումը դեպի այդ երկրներ կազմել է ավելի քան 3.2 միլիարդ դոլար։