ՀայաստանՍոցիալական

Հրապարակվել է Ամուլսարի գործով դատական գործի վճիռը

Վարչական դատարանը 9 տարի տևած դատական գործընթացից և ընդհանուր առմամբ մոտ 17 դատական նիստից հետո Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ քաղաքացիների բողոքը մասամբ բավարարել է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեմ հայցը մասամբ բավարարվել է։ Անվավեր է ճանաչվել նաև ընդերքի տեղամասի ընդլայնման և թուլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի լեռնահատկացման և օգտակար հանածոների արդյունահանման մասին հրապարակումները։ Մնացած մասով հայցը մերժվել է։

Սա նշանակում է, որ նախարարության կողմից կայացված որոշումները կամ գործողությունները՝ կապված Ամուլսարի հանքի ընդլայնման կամ դրա շահագործման ժամկետի երկարացման հետ, այլևս չունեն իրավական ուժ: Ամուլսարի շահագործումը ներկայումս իրավաչափ չի կարող իրականացվել: Սա նշանակում է, որ հանքի շահագործման գործընթացը կամ դանդաղելու է, կամ կանգ է առնելու, քանի դեռ նոր թույլտվություններ չեն տրամադրվել։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը տրամադրվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ իրավական և տնտեսական հիմնավորումներով։ Սակայն բնապահպանները պնդում են, որ այդ գործընթացը բավարար թափանցիկ չի եղել և չի ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Բնապահպանները նշել են, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել Հայաստանի ջրային ռեսուրսներին, մասնավորապես՝ Սևանա լճին, քանի որ Ամուլսարի հանքի տարածքում ստորերկրյա ջրերը փոխկապակցված են լճին։ Հանքի շահագործման արդյունքում հնարավոր է թունավոր նյութերի կամ ծանր մետաղների արտահոսք ստորերկրյա ջրեր։

Մոտ 11 բնակիչներ և երկու հասարակական կազմակերպություն 2015 թվականի ապրիլի 2-ին հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Բնապահպանության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Գիտության ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի։