
Բեռնատարի վարորդները կրկին ցույցեր են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
Հոկտեմբերի 16-ին բեռնատարների վարորդները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ բողոքելու ՌԴ մուտքի 90-օրյա ոչ վիզային սահմանափակման դեմ, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Այս խնդրին շուրջ 400 վարորդ է բախվել։ Նրանք պնդում են, որ սահմանված ժամկետը բավարար չէ, քանի որ դրա մեծ մասը իրենք հաճախ ստիպված են լինում անցկացնել Վլադիկավկազում կամ Վերին Լարսում՝ հերթերի և սպասման ժամերի պատճառով: Այս պատճառով նրանք պահանջում են կառավարությունից հստակ լուծումներ և ժամկետներ:
Բողոքի ակցիայի ընթացքում վարորդների հետ հանդիպման եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով վստահեցրեց, որ կառավարությունը զբաղվում է հարցով ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Նախարարը նշեց, որ հասկանում է վարորդների դժգոհությունը և հավելեց, որ կառավարությունը գտնում է հնարավոր լուծումներ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չի սահմանվել:
Բեռնատարների վարորդները, սակայն, հույս չունեն, որ հարցը կլուծվի շուտով, ուստի կառավարության շենքի մոտից հրաժարվում են հեռանալ, մինչև որ հստակ ճանապարհներ ու ժամկետներ չնշվեն: Նրանք նաև սպառնում են փակել ճանապարհները, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով (միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում նշված չէ աշխատանք), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 90 օր, մինչդեռ նախկինում տարվա յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում թույլատրվում էր մնալ 90 օր: Այս փոփոխությունը ազդում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա:
Բեռնատարների վարորդները արդեն երկրորդ անգամ են կառավարության մոտ ակցիա իրականացնում՝ բողոքելով ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ։
Նրանք հայտնում են, որ հետևել են ղազախ վարորդների օրինակին, քանի որ նրանց բողոքներից հետո միջանկյալ որոշում է կայացվել այդ երկրի համար։ Սակայն միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հավաքված վարորդներին բացատրեց՝ օրենքը դեռ չի փոխվել, պարզապես, գուցե, Ղազախստանի համար ժամանակավոր մեղմացումներ են սկսել գործել.