ՀայաստանՍոցիալական

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը։ Վարորդներից մեկը Amnews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավաքվել են Բագրատաշենի անցակետում՝ Նոյեմբերյան-Այրում խաչմերուկում։

Ոստիկանները այժմ տեղում են աշխատում։ Նրանք փորձում են բացել ճանապարհը։

Ավելի վաղ բեռնատարի վարորդները հայտարարել էին, որ իրենք իրենց մեքենաներով կաթվածահար են անելու երթևեկությունը, ընդգծելով, որ «եթե Ռուսաստանը տարվա մեջ միայն 90 օր է թույլ տալիս իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չենք տա, որ օտարերկրյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»։

Այսօր ավելի վաղ վարորդները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության և ՌԴ դեսպանատան առջև՝ պահանջելով, որ կառավարությունը արագացնի բանակցությունները Ռուսաստանի հետ։

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած միգրացիոն փոփոխություններով ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են այնտեղ մնալ ոչ թե 180, այլ 90 օր։

Կառավարության առջև հավաքված վարորդներից կազմված 7 հոգանոց խումբը ընդունվել է գործադիրի ներկայացուցիչների կողմից։

Վարորդները նախազգուշացրել էին, որ եթե մինչև ժամը 17:00-ն հստակ պատասխան չստանան, կդիմեն ծայրահեղ քայլերի։