ՀայաստանՍոցիալական

Հայ բեռնատարների խնդիրն ընթացքի մեջ է․ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ նիստում

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ առաջարկելով, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը հայ բեռնատարների համար փոխարինվի 180 օրով։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բեռնատարների վարորդների բողոքի ակցիաներին։

Նախարարը նշեց, որ ռուսական կողմը դրական արձագանք է տվել Հայաստանի առաջարկին։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հարցով սկսել է զբաղվել հենց այն օրից, երբ ՌԴ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել։

Նշենք, որ վերջին օրերին հայ բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ էին անցկացնում ՌԴ սահմանային սահմանափակումների դեմ՝ պնդելով, որ 90 օրը բավարար չէ, քանի որ Լարսի անցակետում հաճախ ստիպված են լինում օրերով սպասել։ Երեկ երեկոյան վարորդները փակել էին հայ-վրացական սահման տանող ճանապարհները՝ Բավրայում, Բագրատաշենում և Գոգավանում։

Հիշեցնենք՝ 2024 թվականին հունվարի 1-ից ՌԴ օրենսդրությամբ սահմանվել է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Այս փոփոխությունը տարածվում է նաև բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վրա։