
Բագրատաշենի անցակետում բեռնատարների վարորդների բողոքի ակցիան շարունակվում է
Բագրատաշենի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 200 բեռնատար: Հայ վարորդները, որոնք երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում, փակել են ճանապարհը։ Մարդատար մեքենաների մուտքը բաց է, սակայն բեռնատարների համար անցակետը երկկողմանի փակ է: Բեռնատարների կուտակումներ կան նաև Գոգավանի և Բավրայի անցակետերում։
Վարորդները սպառնում են փակել ճանապարհը նաև մարդատարների համար, եթե կառավարությանից հստակ պատասխան չստանան։ Նրանց խոսքով՝ բավականին մեծ կուտակումներ այս պահին նաև Լարսի անցակետում կան: Այնտեղ գտնվող բեռնատարների վարորդները մտավախություն ունեն, որ սահմանն անցնելու դեպքում կարող են արտաքսման վտանգի առաջ կանգնել:
Վարորդները պահանջում են ՀՀ կառավարությունից մինչև ուրբաթ օրը Ռուսաստանի հետ համաձայնության գալ և ապահովել իրենց անարգել մուտքն ու ելքը դեպի ՌԴ՝ առանց արտաքսման վտանգի։ Նրանք վերջին օրերին բողոքի մի քանի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի և Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենքների խստացման պատճառով վարորդները տարվա ընթացքում կարող են մնալ երկրի տարածքում ոչ թե 180, այլ 90 օր, և այս ժամկետը խախտողները տուգանվում են․ նրանք ձերբակալվում կամ արտաքսվում են՝ մինչև 3–5 տարվա մուտքի արգելքով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն հայտնել է, որ ոլորտի պատասխանատուները ուղիղ բանակցություններ են վարել ռուս գործընկերների հետ, և հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ-ի նիստում: