
Բաքվից ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան
Radar24-ի չվերթների պատմության համաձայն՝ ադրբեջանցի փորձագետներ են Երևան ժամանել Բաքվից ուղիղ չվերթով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռով։
Հոկտեմբերի 21–22-ը Երևանում անցկացվում է հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Ինչպես հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվում են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած բանակցություններից հետո ձևավորված խաղաղության օրակարգը, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները։
Քննարկման նպատակը, ըստ կազմակերպիչների, կողմերի միջև հաղորդակցության վերականգնումն ու վստահության աստիճանական կառուցումն է՝ խաղաղության գործընթացի աջակցման նպատակով։
Amnews-ը հետաքննության արդյունքում պարզեց, որ ադրբեջանական tickets.az կայքում հնարավոր է գնել ինքնաթիռի տոմսեր՝ Բաքվից Երևան և հակառակ ուղղություններով։ Ընդ որում՝ թռիչքները կատարումեն Aircompany Armenia և Wizz Air ավիաընկերությունները։ Սակայն հարկ է նշել նաև, որ դրանք ուղիղ չվերթներ չեն․ Հայաստան կամ Ադրբեջան հասնելու համար տվյալ ինքնաթիռները պետք է հատեն այլ՝ երրորդ երկրի սահմանը։