
Հայաստանում գործազրկության մակարդակը իջել է
2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով 12,3 տոկոսի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13,8 տոկոսի փոխարեն։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – October 2025» զեկույցում։
Արդյունքում մարդկանց զբաղվածության մակարդակը կազմել է 51,2 տոկոս։
Համաշխարհային բանկի վերլուծաբանները նշում են, որ աշխատանքի շուկայի իրավիճակը բարելավվել է, սակայն ընդգծում են նաև իրավաբանական անձանց գրանցումների նվազումը՝ հատկապես օգոստոս ամսին։
Օգոստոսին իրավաբանական անձանց գրանցումների քանակը նվազել է 3,5 տոկոսով՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների կրճատման պատճառով,– ասված է զեկույցում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի վերջին հաստատել էր 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարությունը, որի հիմնական նպատակն էր գործազրկության մակարդակի նվազեցումը։ Այն ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ բնակչության մի մասը, լինելով աշխատունակ, չունի անհրաժեշտ հմտություններ՝ ժամանակակից աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանելու համար։
Ռազմավարության թիրախային խմբերն են մարզային քաղաքների բնակիչները, չաշխատող և չսովորող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ինչպես նաև ընտանեկան և սոցիալական նպաստների ստացողները։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ավելի վաղ նշել էր, որ իշխանությունները նպատակ ունեն գործազրկության մակարդակը նվազեցնել մինչև 10 տոկոսի։