
Կմշակվի քառամյա ծրագիր Երևանում օդի աղտոտվածության բարելավման համար
Նախորդ շաբաթ սոցիալական հարթակներում Երևանի բնակիչները արձագանքել են մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը։ Մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։
Քաղաքապետարանի կայքում «Օդի փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշների հարթակում» կարելի է տեսնել, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում օդում փոշու քանակը ավելացել է։
Օդը անառողջ է համարվում ինչպես զգայուն խմբերի, այնպես էլ առողջական խնդիրներ չունեցող անձանց համար։
Քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս խնդրի լուծման համար առաջարկ է արել։
Ավինյանը հանձարարական է տվել մշակել քառամյա ծրագիր, թե քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի աղտոտվածության բարելավման ուղությամբ։
Ավինյանը բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանին հանձնարարել է առաջիկա 2 ամսում տեսնել մշակված ծրագիրը։ Ծրագիրը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։
Գործակարգավարական նիստում Ավինյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքում տեղադրվել են 149 օդի որակի չափիչ սարքեր։ Այդ սարքերն առցանց ռեժիմով տրամադրում են տեղեկատվություն օդի որակի մասին։ Քաղաքապետի խոսքով՝ այդ տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։