Երևանում փողոցներ կանվանափոխվեն
Երևանի ավագանու նիստում հոկտեմբերի 23-ին որոշում կայացվեց Լենինգրադյան, Սիլիկյան 5-րդ և 6-րդ փողոցները վերանվանելու վերաբերյալ։
Ըստ ընդունված որոշման՝ Լենինգրադյան փողոցը կկրի բարերար Քըրք Քրքորյանի անունը։ Նախագիծը ներկայացրել է «Հանրապետություն» խմբակցությունը։ Կուսակցության ղեկավար Անի Խաչատրյանը, ներկայացնելով Քըրք Քրքորյանի կենսագրությունը, շեշտեց, որ Լենինգրադյան փողոցը դեռ կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում, մինչդեռ անգամ Ռուսաստանում այդ քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ։
Միաժամանակ որոշվել է Սիլիկյան 5-րդ և 6-րդ փողոցները ևս վերանվանել։ Սիլիկյան 5-րդ փողոցը կկրի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունը, իսկ Սիլիկյան 6-րդ փողոցը՝ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անունը։ Երկու նախագծերն էլ ներկայացրել է ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Քննարկումների ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ու Սուսաննա Մելիքյանը հանդես եկան ընդդիմադիր կարծիքներով՝ նշելով, որ փողոցների անվանափոխությունը կարող է անհարմարություններ ստեղծել բնակիչների համար և պետք է արվի առավել հիմնավորված ձևով։ Մելիքյանի խոսքով՝ ավելի նպատակահարմար կլիներ Քըրք Քրքորյանի անունը տալ այն տարածքներից մեկին, որտեղ նա բարեգործական ներդրումներ է ունեցել։
Անի Խաչատրյանը պատասխանեց, որ փաստաթղթային փոփոխությունների անհրաժեշտությունը առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքի սեփականությունը փոխվում է, ուստի բնակիչների համար խնդիրներ չեն առաջանա։
