
Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի
Կառավարությունը դեկտեմբերի 19-ի հերթականն նիստում որոշում է ընդունել ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը փոխհատուցելու վերաբերյալ։
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում կտրամադրվի:
Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 3 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը։ Նախատեսվում է անհրաժեշտ գումարը Կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել։
2023 թվականի մայիսին Կառավարության որոշմամբ 25 ֆիզիկական և իրավաբանական անձանց վերադարձվել է վնասված 22 տրանսպորտային միջոց։ 3 տրանսպորտային միջոց անվերադարձ կորուստ է եղել։ Կառավարությունն այդ ժամանակ փոխհատուցել է 34,560,000 դրամ։
Ռազմական դրության ժամանակ խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: