
Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայքը
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է transport.yerevan.am կայքը, որը նախատեսված է միասնական տոմսային համակարգի համար։ Կայքի միջոցով կարելի է ծանոթանալ տոմսային փաթեթներին, հաշվիչով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը և այլն։ Հատուկ՝ արտոնություններ բաժնում կարելի է մուտքագրել հանրային ծառայության համարանիշը և տեսնել՝ արդյո՞ք ընդգրկված ենք արտոնությունների որևէ խմբում, թե ոչ։
Այս փուլում կարծես որոշակի խնդիրներ դեռ կան, որովհետև համարանիշը մուտքագրելուց հետո որոշ դեպքերում չի հաջողվում տեսնել արտոնությունների խումբը։ Այս դեպքում, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը խորհուրդ տվեց մի քանի անգամ փորձել մուտքագրել կոդը, չհաջողվելու դեպքում՝ դիմել համապատասխան մարմինների կամ օգտվեն «Ակտիվ քաղաքացի» հարթակից և նոր գործարկված կայքի «Հետադարձ կապ» բաժնից։
Երևանցիներն այստեղ ունենալու են իրենց անձնական գրասենյակը, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մեկ միջավայրում, մեկ օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ: Սա այն է, ինչ իրականացվում է արդեն բազմաթիվ զարգացած քաղաքներում: Ուզում եմ միասին այս ճանապարհով անցնելու մասին խոսել նաև, որովհետև ակնկալում եմ ոչ միայն, և մի գուցե ոչ այնքան ձեր գնահատանքը, այլև օբյեկտիվ քննադատություն և առաջարկներ պարունակող հետադարձ կապը, — նշել է Տիգրան Ավինյանը:
Բացի տոմսային համակարգին ծանոթանալուց՝ քաղաքացիները շուտով հնարավորություն են ունենալու նաև կայքի միջոցով ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր՝ կցելով իրենց բանկային քարտը համակարգին։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից անցում է կատարվելու տրանսպորտային տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի, տրանսպորտային միջոցներից հանվելու են մետաղադրամ ընդունող սարքերը։ Իսկ միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը տեղի է ունենալու փետրավարի 1-ից։