Հայաստանում բոլոր երեխաների ծննդյան նպաստը կհամահավասարեցվի՝ սահմանվելով 500 հազար դրամ
Հայաստանում բոլոր երեխաների ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կհամահավասարեցվի՝ սահմանվելով 500 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում, հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ներկայում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազար դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդի համար՝ 1,5 միլիոն դրամ։
Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը՝ դարձնելով 500 հազար դրամ,– ասաց Թորոսյանը։
Բացի այդ, նա անդրադարձավ նաև ծնելիության խթանման նոր նախաձեռնությանը՝ նշելով, որ նախատեսվում է մշտական դարձնել երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված ամսական 50 հազար դրամի նպաստը՝ մինչև երեխայի 6 տարեկանը։
Փորձը ցույց է տալիս, որ ամսական աջակցություններով խրախուսելն ավելի արդյունավետ է, քան միանվագ գումարի տրամադրումը երեխայի ծնվելու պահին,– ընդգծեց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ սոցիալական համակարգի ուսումնասիրությունները վկայում են, որ բազմազավակ՝ 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ, ինչն էլ հիմնավորում է պետության շարունակական աջակցության անհրաժեշտությունը։
