ՀայաստանՍոցիալական

Արցախից բռնի տեղահանված ընտանիքները օգտվել են բնակարանների ապահովման ծրագրից

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 ընտանիք ստացել է բնակարանների գնման հավաստագրեր։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Խաչատրյանը։ Որոշ ընտանքիներ արդեն հասցրել են տուն գնել, որոշներն էլ փնտրտուքների մեջ են։ 2023 թվականին Արցախից տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ՝ մոտ 25․000 ընտանիք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ տեղահանված ընտանիքների միայն 7,5 տոկոսն է դիմել պետական բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Ընդհանուր առմամբ ստացվել է 1501 դիմում։

Բռնի տեղահանված արցախցիների բնակարանների ապահովման ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունիսից։ Առաջին փուլում ծրագրից կարող են օգտվել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, երկրորդ փուլում` 2026 թվականի հունվարի 1-ից հետո, 2 երեխա ունեցողները, 3-րդ փուլում` 2027 թվականի հունվարի 1-ից` 1 երեխա ունեցող ընտանիքները։ Ընտանիքում հաշմանդամություն ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։ 1 անձի հաշվով յուրաքանչյուր ընտանիքի տրվում է մինչև 5 մլն դրամ աջակցություն։ Սակայն ծրագրից կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները ստացել են Հայաստանի քաղաքացիություն։