ՀայաստանՍոցիալական

Տեխնիկական խափանում Երևանի մետրոպոլիտենում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում ուղևորները ստիպված են եղել իջնել գնացքից։ Այն հետ է գնացել «Գարեգին Նժդեհ» կայարան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ժամանակավոր դադարից հետո կայարան է ժամանել երկրորդ գնացքը, որը, սակայն, «Սասունցի Դավիթ» կայարանում կանգառ չի կատարել։

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ պատճառը տեխնիկական է եղել։ Հոսանքի անկման պատճառով գնացքը կանգնեցվել է։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանի խոսքով, մասնագետները մոտ կես ժամում կարգավորել են խնդիրը։

Իրավիճակից հետո «Սասունցի Դավիթ» կայարանում իջեցված ուղևորները ճանապարհն շարունակել են այլ գնացքով։

Amnews-ին հաջողվեց կապ հաստատել խնդրին հանդիպած քաղաքացիներից մեկի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ խնդրի բախվել է նաև հոկտեմբերի 23-ին՝ առավոտյան 9։30-ի սահմաններում։ Այդ ժամանակ խնդիրը համատարած էր եղել։

Երևանի մետրոյի գնացքների երթևեկության հաճախականությունը կախված է օրվա ժամից։ Պիկ ժամերին գնացքների ժամանման միջև տևողությունը կազմում է մոտ 5 րոպե, մնացած ժամանակ այն ավելանում է մինչև 10-15 րոպե։