ՀայաստանՍոցիալական

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական նոր ստորաբաժանում․ ինչո՞վ կզբաղվի այն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նոյեմբերի 6-ի նիստում։

Արտաքին հակահետախուզական ստորաբաժանումը գործելու է ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա և զբաղվելու է ինչպես արտաքին, այնպես էլ ընդհանուր հակահետախուզական գործունեությամբ։ Այն նաև պատասխանատու կլինի օտարերկրյա պետություններում գործող հայկական դիվանագիտական ծառայությունների անվտանգության ապահովման համար։

Փոփոխություններով նաև առաջարկվում է թույլ տալ 30 տարեկանից բարձր քաղաքացիներին ծառայության անցնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և մասնագիտական բարձր որակավորում պահանջող պաշտոններում։

Բացի այդ, նախատեսվում է հստակեցնել համագործակցության ձևաչափը ԱԱԾ հակահետախուզական և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև։

Նոր ստորաբաժանմանը կտրվի պետական և տեղական կառույցների տեղեկատվական շտեմարաններին հասանելիություն՝ այդ թվում՝ հեռակա ռեժիմով։

Նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է 2022 թվականին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որը կարգավորում է Հայաստանի արտաքին հետախուզության համակարգի գործունեությունը։