
Արցախից բռնի տեղահանված անձանց համար կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
Արցախից բռնի տեղահանված անձանց համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։ Դրա նպատակը կեցության և այլ ծախսերը հոգալն է։ Սրա մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարության հրապարակած հաղորդագրության մեձ նշված է, որ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թվականի ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր Հայաստանում սեփականություն ունեցող անձանց։
Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թվականի նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված անձանց կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6626, նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհվել է 5210 անձի։ Քաղաքացիության պարզման վերաբերյալ ստացվել է 5644 գրություն։