ՀայաստանՍոցիալական

2025 թվականին ավանդների փոխհատուցումը կշարունակվի

2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։

Ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև

— պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և սահմանամերձ համայնքներում

— բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք,

— մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։