Լավագույն բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից

ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ և 17 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու նպատակով տարկետում ստացած ուսանողները, եթե ուսումն ավարտելուց հետո վերադառնան Հայաստան և առնվազն երեք տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախկինում նշել էր, որ արդեն ուսումն ավարտած 57 երիտասարդների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․ նրանցից միայն մեկն է ծառայել բանակում, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը գտնվում են հետախուզման մեջ, իսկ 40-ը զինվորական ծառայություն չեն անցել այլ հիմքերով։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2018 թվականից այս իրավունքից օգտվել է 650 քաղաքացի, որոնցից 570-ը շարունակում է ուսումը և օգտվում է տարկետման իրավունքից։