ՀայաստանՍոցիալական

2027-ից արգելվելու են նաև 50 միկրոնից ավելի հաստությամբ պոլիէթիլենային տոպրակները

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում լրացուցիչ սահմանափակումներ կսահմանվեն պոլիէթիլենային տոպրակների օգտագործման վրա։ Կառավարության այսօրվա նիստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով արգելքը կընդգրկի նաև 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակները։

Գործադիրը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնցով «իրացում» բառը փոխարինվելու է «օտարում» ձևակերպմամբ։ Այս փոփոխությունից հետո կսահմանվի ոչ միայն տոպրակների վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման արգելք՝ ներառյալ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում և մանրածախ վաճառքի վայրերում դրանց առկայությունը։

Բացառություն կկազմեն միայն կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, ինչպես նաև երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերը։

Որպես այլընտրանք նախարարությունը առաջարկում է թղթից, կտորից պատրաստված և բազմակի օգտագործման տոպրակներ։

Մեկանգամյա օգտագործման պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված տարաների և սպասքի արգելքը ևս կընդլայնվի։ Դրանց փոխարեն թույլատրելի են թղթային, փայլաթիթեղային կամ փայտանյութից պատրաստված ութերները․

Նախկինում սահմանված կարգավորումներով տուգանքը կազմում էր 30–100 հազար դրամ։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելվել էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքով արտադրության դեպքերի։