ԱրցախՍոցիալական

Տեղահանված արցախցի ընտանիքներին նախատեսվում է տրամադրել երկարաժամկետ աջակցություն բնակարանի վարձի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է կառավարության նոր նախագծի քննարկումը, որի նպատակն է երկարաժամկետ և կայուն աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված որոշակի խմբերի ընտանիքներին՝ բնակարանի վարձակալության վճարի մասնակի հատուցման միջոցով։ Նախագիծը ներկայացվել է e-draft.am հարթակում։

Նախագծով առաջարկվում է աջակցել այն տեղահանված ընտանիքներին, որոնք հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում, սակայն չեն ստացել կամ հրաժարվել են բնակարան կամ տուն գնելու, կառուցելու հավաստագրից։ Աջակցության շահառու կարող են դառնալ 1–3 անդամ ունեցող այն ընտանիքները, որոնք բաղկացած են բացառապես անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, խոր կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող կամ 60 և ավելի տարեկան անձանցից։

Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որոնց տարիքային չափորոշիչները համապատասխանում են սահմանված պահանջներին՝ երկու անդամի տարիքների հանրագումարը 115 և ավելի է, իսկ երեք անդամի դեպքում՝ 175 և ավելի։

Նախագծի համաձայն՝ վարձի աջակցությունը նախատեսվում է տրամադրել 120 ամիսների ընթացքում։ Ամսական աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար սահմանվելու է 40 000 դրամ։

Նախագիծը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։