
Քարկոփում նոր կամուրջ կկառուցվի
Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։
2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մետաղական կոնստրուկցիաները Հայաստան են տեղափոխվել Հունաստանի աջակցությամբ, և այս պահին կամրջի տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին։ Նախարարի խոսքով՝ նմանատիպ մի կամուրջ արդեն տեղադրվել է Հոբարձի բնակավայրում, որտեղ նույնպես ջրհեղեղի հետևանքով ենթակառուցվածքները զգալիորեն վնասվել էին։
Մայիսի 25-26-ի առատ տեղումներից առաջացած ջրհեղեղը Լոռու մարզին հսկայական վնասներ է հասցրել։ Քարկոփում ժամանակավոր կամրջակ էին կառուցել, որը ընդամենը 5 օրվա կյանք էր ունեցել, քանի որ հորդառատ անձրևները քշել տարել էին այն։ Դրանից հետո կամուրջը փորձել էին վերականգնել։ Գյուղի հետ կապը պահվում էր հենց այդ հետիոտնային կամրջով։