Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են Երևանի և Դելիի միջև ուղիղ ավիաչվերթերի գործարկումը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուն Հնդկաստանում կայացած CII Partnership Summit 2025–ի ընթացքում քննարկել են երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթերի մեկնարկի հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գևորգ Պապոյանը նշել է, որ հաղորդակցության ընդլայնումը կարևոր քայլ է Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական համագործակցության խորացման և ժողովուրդների միջև շփումների ակտիվացման համար։
Նշենք, որ մինչ այդ երեք ավիաընկերություն հայտարարել էր Երևան–Դելի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մտադրության մասին, սակայն կանոնավոր չվերթեր դեռևս չեն գործարկվել։
Այս պահին Հայաստանը և Հնդկաստանը շարունակում են աշխատանքները միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ պայմանագրի շուրջ։ Փաստաթուղթը ուղարկվել է հնդկական կողմին՝ համաձայնեցման և ստորագրման համար։
