ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը Նուբարաշենի աղբավայրում և կառուցապատողների նկատմամբ

Երևանի Նուբարաշենի խճուղի 4 հասցեում գտնվող աղբավայրում ավարտվել են արգելափակոցների և լուսավորության հենասյուների տեղադրման աշխատանքները, իսկ տեսախցիկների տեղադրումը շարունակվում է։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց «Նոր աղբավայր» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը։

Նրա խոսքով՝ աղբավայրի բոլոր մուտքերն ու ելքերն արդեն վերահսկման տակ են․ կողմնակի անձանց մուտքը բացառվում է, տեղադրվել են 29 լուսավորության հենասյուներ, անցկացվել է լուսավորության նոր ցանց։ Աղբավայրում իրականացվել են մաքրման, հողային շերտով ծածկման և տեխնիկայի անխափան անցանելիություն ապահովող աշխատանքներ։ Բացի այդ, առանձնացվել է շուրջ 5000 քմ տարածք, հարթեցվել և պատվել ասֆալտի քերուկով՝ աղբահանության մեքենաների աշխատությունը հեշտացնելու համար։ Հարկ է նշել, որ վերջին շրջանեւմ հրդեհները ավելացել էին Նուբարաշենի աղբավայրում։ Վերջին հրդեհի մասով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բռնկումը պատահական չի եղել և դիտավորյալ գործողության հետևանք է։ 

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև անդրադարձավ քաղաքի կառուցապատումներին։ Նա հանձնարարեց շաբաթվա ընթացքում ներկայացնել այն կառուցապատողների ցանկը, որոնց մոտ ամենաշատ խախտումներն են արձանագրվել աշխատանքների ընթացքում փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար։

Քաղաքապետարանը հայտարարում է, որ վերահսկողությունն առաջիկայում ևս կխստացվի՝ նվազեցնելու համար քաղաքային աղտոտվածությունն ու անվտանգության ռիսկերը։