ՀայաստանՍոցիալական

ՀՀ նույնականացման քարտերը կստանան նոր դիզայն և անվտանգային բաղադրիչներ

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս, որտեղ հաստատվել է քարտի դիզայնն ու անվտանգության համակարգերը։

Մեկնարկել է հումքի արտադրությունը։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ Նախարարին են ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները։

Բացի այդ, նախարարությունն անդրադարձել է բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացքին, սպասվող նորարարություններին և զարգացման ծրագրերին։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ առաջնահերթություն է քաղաքացիներին ժամանակակից, անվտանգ և նոր որակի ծառայություններ տրամադրելը։

ՆԳՆ–ից նաև տեղեկացրել են, որ առավելագույն ջանք է գործադրվում խոստացված ժամկետում՝ 2026 թվականի 2–րդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները։