Հայաստանը Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ կվերցնի Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման համար
Կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 250 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագծին։ Վարկային միջոցները կտրամադրվեն «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի շրջանակում։
Ծրագրի համաֆինանսավորման նպատակով Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամը (GCFF) կտրամադրի ևս 16,4 միլիոն դոլար դրամաշնորհ։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ապահովել Արցախից բռնի տեղահանված մոտ 109հզ քաղաքացու երկարաժամկետ բնակարանային լուծումները։
Կառավարության տարածած տվյալներով՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում այս պահին հավաստագիր է ստացել 3344 ընտանիք, որոնցից 1263-ը արդեն իրացրել է այն։ Համեմատության համար՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ հավաստագիր ստացածների թիվը 3240 էր, իրացրածների թիվը՝ 1210-ը։
2023 թվականից հետո Հայաստան էր տեղափոխվել Արցախի 100 632 քաղաքացի։ Բնակարանային ապահովման պետական ծրագիրը գործարկվել էր 2024 թվականից, իսկ այս տարվա հոկտեմբերին կառավարությունն արդեն հավանության էր արժանացրել ԱԶԲ-ից 250 մլն դոլար վարկ վերցնելու նախաձեռնությունը։
