Հայաստանը ձևավորում է նոր կիբեռպաշտպանական մարմին, որը չի զբաղվի ԶԼՄ-ների ու քաղաքացիների պաշտպանությամբ
Հայաստանում կստեղծվի նոր հանձնաժողով, որը կզբաղվի կրիտիկական ենթակառուցվածքների՝ էներգետիկայի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի կիբերպաշտպանությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով՝ որպես ինքնավար վերահսկիչ մարմին։
Սակայն նախարարը նշել է, որ հանձնաժողովը չի զբաղվի կիբեռհանցագործությունների զոհ դարձած քաղաքացիների խնդիրներով։ Նրա խոսքով՝ նման գործերով զբաղվում են ԱԱԾ–ն և ՆԳՆ–ի համապատասխան ստորաբաժանումները։
Նախարարն ընդգծել է, որ նոր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում լինելու են բացառապես պետության համար կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Նա նաև պարզաբանել է, որ լրատվամիջոցները չեն ներառվում կրիտիկական ենթակառուցվածքների շարքում, ուստի հանձնաժողովը չի զբաղվելու ԶԼՄ–ների նկատմամբ իրականացված հարձակումներով։
Հիշեցնենք, որ 2025-ի հուլիսին կիբեռանվտանգության հաքաթոնի ընթացքում Հայրապետյանը հայտարարել էր, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել կիբեռանվտանգության մասին օրենք, որը նոր պահանջներ կսահմանի պետական կառույցների և տնտեսության համակարգաստեղծ ճյուղերի համար։
