
Ապօրինի որսած 243 կգ սիգ է հայտնաբերվել
Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ապօրինի որսած 243 կգ սիգ են հայտնաբերել։ Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Այն վարելիս է եղել Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ:
Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը։ Սրա մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։ Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ:
Հունվարի 16-ի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա։ Դրա սրահում կային ձկներ: Ծովագյուղի բնակիչ 43-ամյա վարորդն ու ձկներով բարձած մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Պարզվել է, որ ձկները պատկանում են վարորդի եղբորը, որը հրավիրվել է բաժին:
Նա հայտնել է, թե ձկներն ինքը նույն օրը ձեռք է բերել Ծովագյուղի խաչմերուկում` անծանոթ անձից: Հայտնաբերված 370 սիգը կշռել է 113 կգ։
Նշենք, որ Հայաստանում սիգի և խեցգետնի որսի համար բնապահպանական տուրքերը կավելացվեն։ Մասնավորապես, սիգի բնօգտագործման վճարումները կաճեն 1 կգ սիգի համար՝ 50 դառնալով 200 դրամ, նույն դրույքաչափը նախատեսվում է կիրառել նաև խեցգետնի համար։ Սա անհրաժեշտ է որսի և ձկնորսության մասշտաբները սահմանափակելու և երկրի կենսառեսուրսները պահպանելու համար: Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականին։
Կառավարությունն էլ, կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ նոր որոշում էր ընդունել սիգի ձկնկիթի դեմ։ 2025 թվականի հունվարի 2-ից ևս 6 ամսով արգելվեց Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ։