ՍոցիալականՍփյուռք

Սիրիայում զինված անձինք հարձակվել են հայկական համայնքի վրա

Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումներ հարձակվել են ալավիական Ալ-Մուհաջիրին և հայկական թաղամասերի վրա։ Ալավիական թաղամասում արձանագրվել են սպանություններ, կողոպուտներ և գույքի վնասումներ։ Զինված անձինք հարձակվել են նաև դպրոցների ու հիվանդանոցների վրա։ Հարձակման ալիքը տարածվել է նաև հայկական թաղամասի վրա, որտեղ զինյալները հրդեհել են հայերին պատկանող մեքենաներ, խանութներ և բնակելի տներ։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Միջադեպի հնարավոր պատճառներից մեկը համարվում է Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում սուննի ամուսնական զույգի սպանությունը։

Իրադրությունը վերահսկողության տակ առնելու և բռնության ալիքը դադարեցնելու նպատակով դեպքի վայր ժամանել են Սիրիայի «Անվտանգության ուժերը»։ Ներքին գործերի մարմինները քաղաքացիներին հորդորել են պահպանել հանգստություն և թույլ տալ, որպեսզի հետաքննությունը ընթանա առանց միջամտության։

Հոմսում հայտարարվել է պարետային ժամ, որի ընթացքում բնակիչները պետք է մնան տներում՝ հասարակական կարգն ու անվտանգության ապահովման նպատակով։