ՀԷՑ-ի կառավարման երկու տարբերակ է առաջարկել Փաշինյանը․ որո՞նք են դրանք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հետագա կառավարման համար երկու տարբերակ է դիտարկում։ Այս մասին նա տեղեկացրել է նոյեմբերի 25-ին՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ առաջին տարբերակով նախատեսվում է ՀԷՑ-ը սահմանված ընթացակարգերով ամբողջությամբ պետականացնել և այնուհետև պետական սեփականությունը կոնցեսիոն հիմունքներով հանձնել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարման՝ Հայաստանի կառավարության վերահսկողության ներքո։ Սա, ըստ Փաշինյանի, ամենաընդունելի տարբերակն է։
Երկրորդ տարբերակը ոլորտում նոր ներդրողի ներգրավումն է, ինչը, վարչապետի ասելով, կընդունվի միայն այն դեպքում, եթե առաջին լուծումը հնարավոր չլինի իրականացնել։ Բացի այդ՝ նա ընդգծել է, որ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն։
Հանդիպման ընթացքում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է իր կողմից արձանագրված խախտումները նախկին ղեկավարության ժամանակ, այդ թվում՝ հավելագրումներ, արևային կայաններից ինքնավար արտադրողների էլեկտրաէներգիայի թերգրանցումներ և այլ անհամապատասխանությունները Վարչապետը դրանք որակել է «փողերի լվացում»։ Պետրոսյանի պնդմամբ՝ նաև ջնջվել է ընկերության 2018-2024 թվականների նոյեմբերին ընկած ամբողջ տվյալների բազան։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը նոյեմբերի 17-ին զրկվել էր լիցենզիայից։ Ըստ օրենքի՝ «Տաշիր կապիտալի» սեփականատեր Կարապետյաններն ու կառավարությունը երեք ամիս ժամանակ ունեն բանակցելու համար։ Անկախ աուդիտի համաձայն՝ ՀԷՑ-ի սեփական կապիտալը գնահատվում է մոտ 360 միլիոն դոլար՝ չհաշված բազմամիլիոն պարտավորությունները։
«Տաշիր կապիտալը» դեռ չի արձագանքել վերջին հայտարարություններին։ Ավելի վաղ ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը գործընթացը որակել էր «քաղաքական քինախնդրություն»։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու իր մտադրության մասին։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն օրերս նշել էր, որ իշխանությունների նպատակն է ՀԷՑ-ը դարձնել «ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց», որը կարող է ծառայել որպես գործիք ընտրությունների ժամանակ։
