
Զբոսաշրջային օպերատորից և նրա ղեկավարից պահանջվելու է ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ․ նոր պահանջ
Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ի նիստում զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ սահմանեց։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նոր նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը ոլորտում։
Ըստ նախագծի՝ զբոսաշրջային օպերատորից և նրա ղեկավարից պահանջվելու է ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ աշխատանք կատարելու փորձ (կամ ծառայություն մատուցելու) , կամ՝ զբոսաշրջության ոլորտում բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն։
Եթե զբոսաշրջային ծառայությունն ունի առցանց եղանակ իրև ծառայությունները մատուցելու համար, ապա պահանջվում է գործող, մշտապես թարմացված կայք՝ մի քանի լեզուներով։ Յուրաքանչյուր էջի նկատելի մասում պետք է նշված լինի թարմացման ամսաթիվն ու տարեթիվը։
Կայքի առանձնացված բաժնում պետք է ներկայացնել տեղեկություններ զբոսաշրջային օպերատորի, ֆիրմայի անվանման, հարկ վճարողների հաշվառման հասցեի, համարի, բանկային վավերապայմանների, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրա անդամների վերաբերյալ։
Կայքում պետք է արտացոլվի առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։