ՀայաստանՍոցիալական

Անչափահասների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կարող է սահմանվել ցմահ ազատազրկում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծով առաջարկում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժը։  

Սարսգսյանը իր ներկայացրած նախագծում նշում է, որ այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ: 

2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք: Առանձնապես ծանրացնող հանգամանք կդիտարկվի նաև անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը։ Սահմանվել են նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ:

Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում:

Անչափահասի ներգրավմամբ վերոնշյալ հանցանքի դեպքում նախատեսվում է պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ վերոնշյալ հանցանքը կատարելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում։