ԱԺ-ն քայլ է ձեռնարկում թափառող կենդանիների բարեկեցության համար․ նոր օրինագծեր են քննարկվում
Հայաստանի Ազգային ժողովի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագծերի փաթեթին, որը փոխում է կենդանիների նկատմամբ իրավական մոտեցումը։
Համաձայն օրինագծի՝ մինչև այժմ կենդանիները համարվում էին միայն գույք, իսկ թափառող կենդանիները՝ անտեր գույք։ Նոր կարգավորումները նախատեսում են, որ կենդանիները, բացի գույքային իրավունքներից, կունենան նաև հատուկ իրավունքներ, իսկ անտեր կենդանիների «պատասխանատու տերը» կլինի պետությունը։
Օրինագիծը վերաբերում է տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներին, սակայն չի տարածվում վայրի կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիների վրա։ Մասնավորապես, նախատեսվում է երեք մարզկենտրոններում կառուցել կենդանիների կացարաններ, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները:
Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:
Մերի Գալստյանը շեշտել է, որ նախագծի նպատակը կենդանիների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաև մարդկանց անվտանգությունն ու կենդանի-մարդ համերաշխ համակեցության ապահովումը։ Նա ընդգծել է, որ օրենքի հիմնական նպատակը թափառող կենդանիների խնդիրը լուծելն է։
Օրինագծի քննարկման ընթացքում հեղինակները ներկայացրել են նաև միջազգային փորձը՝ ուսումնասիրելով շուրջ 20 երկրի ոլորտային մոտեցումները, և խորհրդակցություններ անցկացրել հասարակական կազմակերպությունների, փորձագետների ու պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
Նախագիծը առաջիկայում կանցնի ԱԺ լիագումար նիստում՝ քննարկման և հավանության։
