ՀայաստանՍոցիալական

Այո, օդի որակը հիմա լավը չէ․ Տիգրան Ավինյան

Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի վերաբերյալ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների և մասնավորապես «ծառահատումները» որպես հիմնական պատճառ նշելու ֆոնին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիրքորոշում է հայտնել իր ֆեյսբուքյան էջում։

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքի օդի վատթարացումը կապելը «ծառահատումների» հետ չի համապատասխանում իրականությանը։ Իր հայտարարության մեջ նա ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում իրականացված կանաչապատման ծավալները՝ ընդգծելով, որ դրանք ունեն պատմական նշանակություն։

Քաղաքապետի ներկայացմամբ՝ վերջին երեք տարում Երևանում ավելացվել է գրեթե 60 հա նոր կանաչապատ տարածք, որը ներառում է մոտ 25,000 արժեքավոր ծառեր։

«Վերջին երեք տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրան նախորդող 22 տարիների աշխատանքը։ 2000–2022թթ. Երևան քաղաքում կանաչ տարածքներն ավելացել են ընդամենը 44 հա-ով»,- նշված է գրառման մեջ։

Նրա խոսքով՝ այս աշխատանքների արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն չափաքանակը 2022-ի մոտ 8 քմ-ից ավելացել է՝ հասնելով 8.5 քմ-ի։ Քաղաքապետը հայտնել է, որ նպատակ կա առաջիկայում հաղթահարելու ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող նվազագույն 9 քմ չափանիշը։

Անդրադառնալով քննադատության թիրախ դարձած ծառահատումներին՝ քաղաքապետը շեշտել է, որ խոսքն այս ընթացքում ընդամենը 4300 ծառի փոխարինման մասին է՝ հիմնականում չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող։

«Շեշտում եմ՝ փոխարինել ենք, ոչ թե պարզապես հատել։ Այսինքն՝ խոսքը ոչ թե ծառերի նվազեցման, այլ՝ անվտանգության և առողջ միջավայրի ապահովման մասին է»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է օդի որակի ընդհանուր վատթարացմանը, ապա քաղաքապետը դա պայմանավորել է տարածաշրջանային գործոններով՝ քաղաքների ավազանային տեղակայմամբ, ձմեռային ինվերսիայով և սեզոնային կլիմայական գործընթացներով։ Ըստ հայտարարության՝ դրանք տարածաշրջանային ֆիզիկական երևույթներ են՝ անկախ որևէ գործողություններից։

Իր գրառումն ավարտելով՝ քաղաքապետը խոստացել է շուտով ներկայացնել մանրամասն քայլեր, որոնք ձեռնարկվելու են Կառավարության գործընկերների հետ համատեղ օդի որակը բարելավելու ուղղությամբ։