Երևանում 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ
Երևանի 30 կանգառասրահում առաջիկայում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ։ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնի դարձավ, որ համապատասխան սարքավորումները արդեն ներկրվել են և շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքները։
Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի խոսքով՝ այս պահին մայրաքաղաքի 6 կանգառում էլեկտրոնային չվացուցակները գործում են փորձնական կարգով։ Նոր՝ 30 սարքավորումների տեղադրումով Երևանի կանգառներում հասանելի տեղեկատվության ծավալը զգալիորեն կընդլայնվի։ Մինչև տարեվերջ ընդհանուր 36 կանգառասրահ չվացուցակներ կունենան։
Մանուկյանը նշեց, որ կանգառներում ցուցադրվող տվյալները ներկայումս ներկայացվում են «Յանդեքս» հարթակի միջոցով, իսկ «2GIS» համակարգով փորձարկումները շարունակվում են։ Ընտրվելու է ամենաճշգրիտ տարբերակը՝ իրական ժամանակին մոտ տվյալներ ապահովելու համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե որքանով է կանգառներում ցուցադրվող տեղեկատվությունը համապատասխանում իրական ժամանման ժամանակին։ Մանուկյանի պարզաբանմամբ՝ որոշ շեղումներ առկա են, սակայն դրանք համաշխարհային ընդունված նորմերի շրջանակներում են։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին ամիսներին տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրտությունը զգալիորեն բարելավվել է և «Յանդեքս»-ում որոշակի անհամապատասխանությունները պայմանավորված են տեխնոլոգիական ալգորիթմների առանձնահատկություններով։
