Ե՞րբ Հայաստանի քաղավիացիան դուրս կգա ԵՄ «սև ցուցակից»․ ի՞նչ է հայտնի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում հայտնեց, որ դեկտեմբերի 8–9–ին կհրապարակվի, թե Հայաստանի ավիաոլորտը դուրս կգա ԵՄ սև ցուցակից թե ոչ։
Պատգամավորը նշեց, որ օրեր առաջ ԵՄ–ից տեղեկացվել է՝ ՀՀ ավիաոլորտի սև ցուցակում հայտնվելը քաղաքական որոշում չէ, այլ բացառապես տեխնիկական։
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ընդգծեց, որ վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և եվրոպացի գործընկերների կողմից մի շարք ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ ԻԿԱՕ–ի 2024 թվականի աուդիտից հետո կատարված փոփոխություններ։
Նոյեմբերի 19–ին Բրյուսելում քննարկվել են սեպտեմբերի 1–5–ը անցկացված ԵՄ աուդիտի արդյունքները, և որոշման մասին տեղեկությունները կհրապարակվեն դեկտեմբերի 8–9–ին»,– ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ 2026 թվականի հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մեկնարկում է բարեփոխումների մեծ ծրագիր։
2020 թվականի հունիսից Հայաստանի ավիացիան գտնվում էր Եվրամիության «սև ցուցակում»։ Արգելվել էր հայկական բոլոր ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը աշխատում է այս սահմանափակումը վերացնելու ուղղությամբ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով: Խնդիրը պետք է լուծվեր 2․5 տարում։ Սակայն արդեն 5 տարի է, ինչ Հայաստանը գտնվում է «սև ցուցակում»։
