Հայաստանում ՔԿՀ-ներում ինքնասպանությունների մեծամասնությունը կապված է հոգեկան առողջության խնդիրների հետ
Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն գործածների գերակշիռ մասը ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք ինքնասպանությունները կապված չեն ՔԿՀ-ներում տիրող վատ պայմանների կամ դատապարտյալների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ։ Գալյանը ընդգծեց, որ ինքնավնասման հակում ունեցող անձանց բանտախցերում տեղադրվում են տեսախցիկներ՝ նման դեպքերը կանխելու համար։
«Մենք իրականացնում ենք հաշվառում։ Օրինակ, պայմանականորեն մենք ունենք 500 ինքնավնասման դեպք, բայց դրանք կատարվել են ընդամենը 30 անձի կողմից։ Այսինքն մենք ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծը ինքնավնասումներ կատարելն է։
Նա հավելեց, որ այն անձանց, ովքեր ունեն իրական ինքնավնասման հակում, դրա կանխարգելումը շատ դժվար է։ Այդ պատճառով Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգումից հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալներ տեղափոխվել են կենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար։
Ինչ վերաբերում է դատապարտյալների նկատմամբ նվաստացման դեպքերին, նախարարը կոչ արեց նման տեղեկություններ գրությամբ ուղարկել նախարարություն՝ վստահեցնելով, որ դրանք չեն մնա առանց հետևանքների։
Նշենք, որ այս տարի ՔԿՀ-ներում արդեն գրանցվել է 22 մահվան դեպք։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշում է, որ շատ դատապարտյալներ շարունակում են մնալ բանտում լուրջ առողջական խնդիրներով, նույնիսկ երբ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ինքնուրույն շարժվել, իսկ դատարանները կամ մասնագիտական հանձնաժողովները չեն գնահատում պատժի և հիվանդության անհամատեղելիությունը։
Ըստ Արդարադատության նախարարության տվյալների՝ 2024 թվականի ընթացքում ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասման 625 դեպքից 126-ի պատճառը եղել է «նյարդային լարվածության, հոգեկան անկայուն, անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվելը»։ 2025 թվականի տվյալներով՝ ՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ, որոնցից 180-ը ստանում են հոգեմետ դեղեր։
