ԵԱՏՄ-ում բեռների վերահսկման էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները կդառնան պարտադիր
ԵԱՏՄ տարածքում բեռների վերահսկման էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը պարտադիր կդառնա 2026 թվականի փետրվարի 1-ից։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Օրենքը կկիրառվի նաև Հայաստանում, քանի որ վերջինս ԵԱՏՄ անդամ է։
ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի խոսքով՝ համակարգը հնարավորություն կտա բեռների ուղարկողներին, ստացողներին և վերահսկող մարմիններին իրական ժամանակում վերահսկել բեռնարկղերի տեղաշարժը, ինչպես նաև կանխել ապրանքների բացումներն ու գողությունը։
Նավիգացիոն կապարակնիքը էլեկտրոնային կողպեք է, որի մեջ նախապես գրանցվում են բեռի բոլոր տվյալները՝ հաշիվ-ապրանքագրեր, ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ։ Այդ մեխանիզմը կնվազեցնի վերահսկողական ընթացակարգերը, ինչի շնորհիվ բիզնեսը ԵԱՏՄ տարածքում կկարողանա տեղափոխել բեռները նվազագույն զննումներով և ստուգումներով, ինչպես նաև կօգտվի ավելի շահավետ ապահովագրական պայմաններից։
Հարկ է նշել, որ նավիգացիոն կապարակնիքների կիրառումը արդեն փորձարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
