ՀայաստանՍոցիալական

Փաստաբանները գործադուլ են հայտարարել․ նրանք դեմ են սահմանված հարկերին

Փաստաբանները փետրվարի 10-ին գործադուլ են հայտարարել։ Նրանք հրաժարվել են դատարաններում, իրավապահ մարմիններում իրավաբանական օգնություն տրամադրելուց։ Պատճառն այն է, որ նախկինում փաստաբանները շրջանառության հարկ էին վճարում, որը փոխարինվել է 20 տոկոս ավելացված արժեքի հարկով և 18 տոկոս շահութահարկով։ Սրա մասին փաստաբանների ընդհանուր ժողովի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։   

Զոհրաբյանը լուրջ խնդիր է համարում այն, քանի որ ավելացված արժեքի հարկի ռեժիմի համաձայն՝ եթե դու մատուցում ես անհատույց ծառայություն, ապա պետք է վճարես նաև այդ ծառայության 20 տոկոսը։

Բացի դրանից՝ փաստաբանները այդ հարկերն ավելացնելու են իրենց ծառայությունների գնին։ Դա էլ վճարելու է փաստաբանի ծառայություններից օգտվող քաղաքացին։ Ասուլիսում նշում են, որ Կառավարությանը վերջնաժամկետ են սահմանել մինչև փետրվարի 11-ը ազատել իրենց առհասարակ հարկերից։ Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում նախատեսվում են բողոքի ակցիաներ։