ՀայաստանՍոցիալական

2020 թվականից հետո զորացրված գործազուրկ քաղաքացիների աջակցությունը կշարունակվի

Կառավարությունը կշարունակի աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում։ Սրանից կարող են օգտվել 2016, 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։

Միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝ ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի, ձեռք բերել աշխատանքային փորձ և անցնել աշխատանքի, անցնել աշխատանքի՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Առաջին բաղադրիչի շրջանակում շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ մեկ տարի ժամկետով։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով։

Երրորդ բաղադրիչի շրջանակում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։