Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում Արթիկ քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգումն անցկացվել է անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որտեղ արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

Մասնավորապես, սննդի կառույցի առաստաղին նկատվել են կեղտի կուտակումներ, ինչի պատճառով չի բացառվել մասնիկների թափվելու հավանականությունը։ Բացի այդ՝ օբյեկտի դուռը պատված չի եղել չներծծվող, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութով, ինչը ևս հակասում է սահմանված սանիտարական պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումները և գործունեությունը համապատասխանեցնել գործող նորմերին։

Մարինա Գրիգորյան