
Ոստիկանությունը պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին հասանելիություն կունենա
Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին։ Որոշման նպատակն այն է, որ տեսահսկողության առկայությունը հանրային վայրերում էականորեն նվազեցնում է հանցագործությունների թիվը։
Օրինագծի նախաձեռնությամբ հանդես եկած Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշում է, որ Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության։
Տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող գրություններով` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում»։ Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ցամաքային անցակետերում ուժային գերատեսչությունների տեսախցիկներին: Նշվում է, որ օրենքով չարգելված դեպքերում այդ տվյալները պետական և ոչ պետական կազմակերպություններին կարող են տրամադրվել վճարովի հիմունքներով: Թե որ դեպքերում դա կարող է տեղի ունենալ՝ չի հստակեցվում։
Ոստիկանության մուտքը տեսահսկման համակարգերին կիրականացվի Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7 ռեժիմով։
Նշենք նաև, որ Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն այս պահին ունի սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների և գազալցակայանների մուտքերին ու ելքերին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին։
Հիշեցնենք, որ նույնատիպ օրենսդրական առաջարկություն եղել էր նաև 2024 թվականին, որը այդպես էլ չընդունվեց։ Ըստ այդ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեին բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, 100քմ ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, 50 քմ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում և այլ վայրերում։