ԱրցախՍոցիալական

Քանի՞ արցախցի է 2020 թվականից հետո հեռացել Հայաստանից ու քանի՞սն են մնացել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, մինչդեռ 14,871-ը վերադարձել է։ Սա նշանակում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել և դեռ չի վերադարձել 11,526 արցախցի։

Նկատվում է նաև վերադարձողների թվի աճ։ Վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է որոշակի դրական միտում։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ արտագաղթի գործընթացը շարունակվում է։ Արցախի բնակիչները, սակայն, այնքան էլ չեն շտապում քաղաքացիություն ձեռք բերել։ 2025 թվականի փետրվարի 3-ի դրությամբ 7395 արցախցի ներկայացրել են քաղաքացիություն ստանալու դիմում, որոնցից 6464-ին նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։

Ապրիլից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 50,000 դրամ (40,000+10,000) աջակցությունը կրճատվելու է մինչև 40,000 դրամ և հատկացվելու է միայն որոշակի խմբերի։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին արցախցիներին տրամադրվեց ժամանակավոր պաշտպանություն։ Նրանք օրենքի ուժով ճանաչվեցին փախստական։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հունվարին հայտնել էր, որ բռնի տեղահանվել է մոտ 150,000 արցախցի, սակայն հստակ թիվ ներկայացնել դեռևս հնարավոր չէ։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը ապրում է Կոտայքի մարզում (20,331 մարդ)։ Արցախցիներով բնակեցված երկրորդ ամենախոշոր մարզն Արարատն է (14 743), երրորդը՝ Արմավիրը (10,416):