Ինչպիսի՞ն է Երևանում տրանսպորտային համակարգը համեմատած եվրոպական երկրների հետ
Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի հայեցակարգն ամբողջ աշխարհում իրականացվում է տարբեր կերպ։
Ամենավաղ օրինակներից մեկը Գերմանիայինն է: 20-րդ դարի սկզբին գերմանական քաղաքները սկսեցին օգտվել տոմսային համակարգից, որը ուղևորներին թույլ էր տալիս մեկ տոմս օգտագործել տրանսպորտի մի քանի տեսակների համար, օրինակ՝ տրամվայներ, ավտոբուսներ, գնացքներ:
2012 թվականին Ավստրիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի օգտագործումը մեծացնելու համար ներդրվեց նոր համակարգ։ Տարեկան բաժանորդագրման արժեքը 365 եվրո, այսինքն՝ օրական 1 եվրո անսահմանափակ օգտվելու համար: Տարեց քաղաքացիների համար տոմսն ավելի մատչելի է։
Էստոնիան 2013 թվականին մայրաքաղաք Տալլինում ներդրեց անվճար հասարակական տրանսպորտի համակարգ, որն ավելի ուշ ընդլայնվեց՝ ներառելով երկրի ավելի շատ տարածքներ։
Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը 2025 թվականից Երևանում ամբողջությամբ կգործարկվի։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ էր դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով տարբեր սակագնային փաթեթներ էին առաջարկվում (մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան): Նոր նախագծով նախատեսվում է անսահմանափակ երթևեկելու հնարավորություն 1 ամսվա համար 8800 դրամ, 3 ամսվա համար 23․600 դրամ, 1 տարվա համար 88 հազար դրամ։ Նախագծով նախատեսվում է ուսանողների և բնակչության հատուկ խմբերի համար կիրառել զեղչեր։
2024 թվականի հունվարի 1-ից առ այսօր տարբեր պատճառներով Երևանում ոչ պիտանի է համարվել 171 ավտոբուս։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ ոչ պիտանի ավտոբուսները տեղափոխվում են հավաքակայան, որոնք դրվում են աճուրդի։ Դրանով զբաղվում է «Երևանի ապրանքային բորսա» ՍՊԸ-ն։
Եվրոպական մի քանի քաղաքներում ոչ պիտանի ավտոբուսները վերածում են շարժական սպասարկման կենտրոնների, օրինակ՝ շարժական գրադարաններ, որոնք կարևոր ծառայություններ են մատուցում անապահով կամ հեռավոր համայնքներին: Այս մոտեցումը երկարացնում է տրանսպորտային միջոցների օգտակարությունը։
Բեռլինում ոչ պիտանի քաղաքային ավտոբուսը վերածում են սրճարանի։ Նիդեռլանդներում որոշ արվեստագետներ ավտոբուսները վերածել են արվեստի պատկերասրահների, որտեղ ներկայացվում են արվեստագետների աշխատանքները։
Եվրոպական մի շարք երկրներում որոշ սոցիալական խմբեր օգտվում են անվճար հասարակական տրանսպորտից։ Այս նախաձեռնությունը սոցիալական բարեկեցության մի մաս է, որը ուղղված է խոցելի բնակչության շարժունակությունն ապահովելուն:
Բեռլինում մինչև վեց տարեկան երեխաները տրանսպորտից օգտվում են անվճար, իսկ ուսանողները օգտվում են ամսական և տարեկան զեղչված փաթեթներից։
Ավստրիայում որոշակի տարիքից բարձր անձանց համար (սովորաբար 65-70) որոշակի ժամերի ուղևորվելն անվճար է։
Մեծ Բրիտանիայում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անվճար կամ զեղչված տրանսպորտ, իսկ Փարիզում նրանց ուղեկիցները ևս կարող են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից։
Երևանում հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հերոսի կոչում ստացած, պարգևատրված, պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք, ինչպես նաև 5 և ավել երեխաներ ունեցող ծնողներից մեկը, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ և բռնադատվածներ։
2024 թվականի սեպտեմբերի դրությամբ 851 ավտոբուս սպասարկում է Երևանի գրանցված և չգրանցված ավելի քան 1 մլն բնակիչներին։
Շուշան Ասրյան