2025 թվականին կփորձարկվեն մսուրի ծառայությունները
2025 թվականին մսուրի ծառայությունները կփորձարկվեն Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Հրազդանի 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին հայտարարել է Ժաննա Անդրեասյանը։ Մանկապարտեզներում 0-2 տարեկանների երեխաների ներգրավվածությամբ հետաքրքրված են նաև ծնողները։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ որոշների մոտ մեծ հետաքրքրություն կա նույնիսկ 6 ամսականից սկսած մսուրի շահառու դառնալու ուղղությամբ։
Ծրագիրը իրականացնելու համար արդեն մանկապարտեզներում տարածքի բարեկարգման, սննդի, խնամքի չափանիշների մշակման քայլեր են իրականացվում։
Մանկապարտեզների մասին խոսելիս նախարարը նշել է նաև, որ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ ներառական երեխաների կրթության ոլորտում նույնպես առաջընթաց է գրանցվել։ Եթե 2022 թվականին նման խնդիր ունեցող երեխաների թիվը Հայաստանի բոլոր մանկապարտեզներում 92 էր, ապա ներկայումս նախարարությունը շուրջ 1550 երեխաների նախադպրոցական կրթությունն է ֆինանսավորում։