ՀայաստանՍոցիալական

ՄԻՊ-ը հայտնաբերել է խախտումներ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) սկսել էր քննարկման ընթացակարգ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի իրավունքների ապահովման վերաբերյալ: Պաշտպանը հունվարի 29-ին կայացրել է որոշում՝ արձանագրելով անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտում: ՄԻՊ-ի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ նման խախտումները պարբերաբար կրկնվում են: Վերլուծությունը ցույց է տալիս, որ պատշաճ վերահսկողության բացակայությունը հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:

Պաշտպանի ուսումնասիրության արդյունքում խնդիրներ են արձանագրվել՝

— հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի խախտման,

— անձին սահմանված չափանիշների խախտմամբ բժշկական միջամտության ենթարկելու,

— զսպման միջոցների կիրառման օրենսդրական կարգի չպահպանման,

— պատշաճ բժշկական հսկողության բացակայության,

— քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից անձին անջատ պահելու վերաբերյալ իրավական ընթացակարգերի խախտման

— բժշկական գաղտնիքի պաշտպանության խնդիրների և այլ հարցերի հետ կապված:

Խնդիրների լուծման նպատակով Պաշտպանը առաջարկներ է ներկայացրել իրավասու մարմիններին՝ ընդգծելով Առողջապահության և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քերակատարողական հիմնարկում դատապարտյալները պահվում են խցային պայմաններում։ Այստեղ են տեղափոխվում այն դատապարտյալները, ովքեր երկարատև բուժման կարիք ունեն, և հնարավոր չէ նրանց բուժումները կազմակերպել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում։ 2024 թվականին Արդարադատության նախարարարությունից «Դատապարտյալների հիվանդանոցը» անցել էր Առողջապահության նախարարությանը։