ՀայաստանՍոցիալական

Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգը կարդիականացվի

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ) սկսել է Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին։ Ծրագրի մեջ նշվում է, որ նոր ենթակայաններ կկառուցվեն, որոնք 98 տոկոսով կբացառեն Կենտրոն վարչական շրջանի հոսանքազրկումները։ Ըստ այդմ՝ հոսանքի երկու մալուխային գիծ կստեղծվի՝ ավտոմատացված համակարգով։ Եթե առաջին մալուխը փչանա, երկրորդ մալուխը կփոխարինի դրան, և հոսանքազրկումներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։ Ծրագիրն արդեն մեկնարկել է բաշխիչ կետերի վերակառուցմամբ: Աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ։ Սկզբում համակարգը կներդրվի Կենտրոնում, այնուհետև մյուս վարչական շրջաններում։

Նա անդրադարձել է նաև հոսանքազրկումների վերաբերյալ ժողովրդի բողոքներին։ Ըստ նրա՝ խնդիրն ունի մի քանի հիմնական պատճառ, որոնք ոչ միշտ են պայմանավորված ընկերության գործունեությամբ: Ըստ Գրիգորյանի՝ հոսանքազրկումների պատճառ են դառնում նաև անկանոն շինարարական աշխատանքները, որոնց ընթացքում վնասվում են հոսանքի մալուխները։ Բացի այդ՝ գնալով մեծանում է նաև մայրաքաղաքի բնակչության թիվը՝ դրան զուգահեռ էլ՝ էլեկտրաէներգիայի ծանրաբեռնվածությունը։

Քաղաքապետարանի հետ համագործակցություն է իրականացվում՝ էլեկտրաէներգիայի ծանրաբեռնվածությունը որոշակի շրջաններում նվազեցնելու նպատակով։ Քաղաքապետարանը շինարարական թույլտվություններ տալուց առաջ խորհրդակցում է նաև ՀԷՑ-ի հետ։ Այն տարածքները, որտեղ որ էլեկտրաէներգիայի հզորությունը թույլ է, կամ այլ խնդիրներ կան, նոր շենք կառուցելու հնարավորություն չի տրվում։