ՀայաստանՍոցիալական

2026-ից Հայաստանում գործելու է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսի գործել առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը: Վերջինիս ամբողջական ներդրումն ավարտվելու է 2028 թվականին:

ռաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:

Ապահովագրական փաթեթը կներառի կանխարգելիչ և վաղ հայտնաբերման ծառայություններ, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ: 200-500 հազար դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացիները վճարելու են ամսական ընդամենը 300 դրամ, քանի որ գումարի գերակշիռ մասը փոխհատուցվելու է պետության կողմից։

Ապահովագրության վճարները հունվարի 20–ին նախորդող ամսվա աշխատավարձի հիման վրա կկատարվեն, իսկ փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից: Համակարգի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի կլինեն Առողջապահության նախարարության և «Արմեդ» հավելվածի պաշտոնական կայքերում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ կամ եկամուտ ստացող անձինք ապահովագրության համար վճարելիս կկարողանան «Զինապահ» հիմնադրամին կատարվող վճարումները նվազեցնել մինչև 1000 դրամ, և գումարի մնացած մասն ուղղել ապահովագրությանը։ Բացի այդ, նշված անձինք սոցիալական կրեդիտների շրջանակներում եկամտահարկի մասնակի վերադարձ կստանան։

Հիշեցնենք, որ «Զինապահ»ը  համահայկական նախաձեռնություն է, որը ստեղծվել է 2017 թվականին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։