
Տուգանային միավորների նոր փոփոխությունները Հայաստանում․ օգուտ թե վնաս վարորդների համար
Մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում քննարկվել է տուգանային 9 միավորի փոխարեն 13 միավոր սահմանելու մասին նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրել է 7 իրավախախտումներ, որոնց դեպքում բալերի բարձրացումներ են արվել՝ 13 բալի համարժեքությունը պահպանելու համար։
— Իրավախախտումներից մեկը վերաբերում է ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտմանը: Եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:
— Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր:
— Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր:
— Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր:
— Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր:
— Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր:
— Վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր:
Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել, անգամ երկրորդ շարքում կանգնելու դեպքում նախորդ տարի վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել այս մասով, — ասաց պատգամավորը:
Նախատեսվում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: