Ինչո՞ւ «Աջափնյակ» մետրոյի միջոցներն ամբողջությամբ չեն օգտագործվել
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է մամուլում տարածված տեղեկատվությունները կապված Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման հետ։
2025 թվականի պետական բյուջեով հաստատված միջոցներից քաղաքապետարանին «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հատկացվել է 9 մլրդ 640 մլն դրամ։ Դրանից 765 մլն 100 հազար դրամը փոխանցվել է «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին՝ կայարանի կառուցման 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի մշակման համար։
Քաղաքապետարանից հայտնում են, որ հետագայում մետրոյի կառուցման ծրագրով նախատեսված ծախսերը վերանայվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է միայն 2025 թվականի հունիսի 9-ին։
Նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումը 2025 թվականի ընթացքում իրատեսական չի եղել. դրանք վերաբաշխվել են՝ ուղղվելով այլ միջոցառումների իրականացմանը։
Միևնույն ժամանակ, ըստ քաղաքապետարանի, մետրոյի կառուցման ծրագիրը չի դադարեցվել։ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ, որը կուղղվի շինարարության մեկնարկին և նախապատրաստական աշխատանքների իրականացմանը։
